Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման

Փարիզի դատարանը այսօր մեղավոր ճանաչեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ 2012 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար և նրան դատապարտեց մեկ տարվա ազատազրկման։ Դատարանի որոշման համաձայն, նախկին նախագահը պատիժը կրելու է մեկուսարանից դուրս։

Նախկին նախագահը դատական այսօրվա նիստին ներկա չէր, նրա շահերը պաշտպանող փաստաբան Թիերի Հերզոգն ասել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։

Եթե վերաքննիչ բողոքը մերժվի, նախկին նախագահը, հավանաբար, պատիժը կկրի տնային կալանքի պայմաններում, հաղորդում է «Ֆրանս Պրեսը»։

Սարկոզին մեղադրվում է 2012-ի քարոզարշավում ավելի քան 40 միլիոն եվրո ծախսելու համար, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է Ֆրանսիայում քարոզարշավի ֆինանսավորման համար սահմանված շեմը։

Սարկոզին մեղադրանքը չի ընդունում։ Անցած հունիսին նա դատարանին ասել էր, որ չի զբաղվել իր քարոզարշավի կազմակերպչական ու ֆինանսական հարցերով։

2012-ին Նիկոլա Սարկոզին պարտվել էր սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին։ Սարկոզին Ֆրանսիայի նախագահն էր 2007-2012 թվականներին։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button