Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ համանախագահների այցը Ղարաբաղ կնպաստի նախապատրաստելու Փաշինյան-Պուտին հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ կնպաստի բարենպաստ պայմանների ստեղծմանը կազմակերպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպումը։ Այսօրվա բրիֆինգում այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեկսեյ Զայցևը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե ինքը դեմ չի լինի հանդիպելու Հայաստանի վարչապետին, եթե Մինսկի խումբը հանդես գա նման առաջարկով։ Ալիևը այս մասին ասել էր France24-ին օրերս տված հարցազրույցում։

Ալեկսեյ Զայցևն ասել է, թե Ռուսաստանը միշտ համարում է, որ կանոնավոր երկխոսությունը, հատկապես բարձր մակարդակներով, նպաստում է հասնել փոխըմբռնմանը և կառուցողական մթնոլորտի ձևավորմանը՝ խնդրահարույց հարցերը լուծելու համար։

«Հենց ի շնորհիվ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինտենսիվ շփումների՝ հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում, ստորագրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչը հիմքեր է դրել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման համար։ Ինչպես գիտեք, բարձր մակարդակի նման հանդիպում կազմակերպելը լուրջ նախապատրաստություն է պահանջում։ Ելնում ենք նրանից, որ դրա համար Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կնպաստի բարենպաստ պայմանների ստեղծմանը»,- ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Նյու Յորքում համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնեցրել են վերականգնելու իրենց աշխատանքային այցերը Լեռնային Ղարաբաղ։

Զայցևը այսօրվա բրիֆինգում նաև ասել է, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել Երևանի ու Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձի համար, որի դիմաց Ադրբեջանին կփոխանցվեն ականապատված դաշտերի քարտեզները։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը գտնում է, որ դա կօգնի երկու կողմերի միջև հարաբերությունների առողջացմանը։ «Համոզված ենք, որ այդ գրգռիչ հարցերի շուտափույթ և վերջնական վերացումը կնպաստի Բաքվի ու Երևանի հարաբերությունների առողջացմանը», – նշել է նա։

Նա ասել է, որ Մոսկվան այդ ուղղությամբ աշխատում է` ելնելով 2020-ի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի հայտարարություններից, որոնք հուսալի երաշխիքներ են հանդիսանում ապագայում նման ողբերգական իրադարձություններ թույլ չտալու համար։ «Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ջանքերում Ռուսաստանը շեշտադրումները դնում է եռակողմ համաձայնություններից բխող խնդիրների իրականացման, բոլոր ուղղություններով առաջընթացի վրա»,- այսօրվա բրիֆինգում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության վարչության փոխտնօրենը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button