Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը Սոչիում քննարկել են Ռուսաստանի մասնակցությամբ Թուրքիայում ևս երկու ատոմակայանների կառուցման հնարավորությունը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, խոսք [այդ մասին] եղել է», – ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երկու առաջնորդների բանակցությունների ընթացքում տվյալ հարցը ևս քննարկվել է։ Պեսկովը հավելել է, որ նշվել են կոնկրետ աշխարհագրական կետեր, որտեղ Թուրքիան պլանավորում է տեղակայել այդ ատոմակայանները։
Առաջին թուրքական ատոմակայանի շինարարությունն ավելի վաղ իրականացրել է «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Շինարարության համար նախատեսված էր շուրջ 20 միլիարդ դոլար, ընդ որում՝ ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել ռուսական կողմը: Երկկողմ համաձայնագրի համաձայն՝ շինարարության ավարտից հետո ատոմակայանի բաժնետոմսերի 51 տոկոսը կպատկանի Ռուսաստանին, իսկ 49 տոկոսը կվաճառվի օտարերկրյա ներդրողներին: