Ալիևը հերքում է Իրանի հետ սահմանին Իսրայելի ներկայության մասին մեղադրանքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հերքում է ադրբեջանա-իրանական պետական սահմանին Իսրայելի ներկայության մասին Իրանի պաշտոնյաների մեղադրանքները։

«Ցավոք, Իրանի պաշտոնյաները սկսել են մեր դեմ անհիմն մեղադրանքներ առաջադրել։ Իբր Ադրբեջանը այս տարածաշրջան է բերել Իսրայելին։ Թող աչքերը բացեն և տեսնեն։ Որտե՞ղ են այստեղ Իսրայել տեսել։ Այստեղ չկա որևէ մարդ։ Այստեղ նույնիսկ շինություն չկա»,- Իրանի հետ սահմանին գտնվող Ջաբրայիլի շրջան կատարած այցի ընթացքում հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է, թե հերքում է Թեհրանի բոլոր մեղադրանքները և պահանջում ապացույցներ ներկայացնել։ «Կա՞ն ապացույցներ։ Ոչ։ Եթե չկան ապացույցներ, յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի` ինչի մասին խոսում է։ Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին անհիմն ու կեղծ բամբասանքներ առաջադրի մեզ»,- «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ հայտարարել է Իլհամ Ալիևը` սպառնալով անպատասխան չթողնել «անհիմն մեղադրանքները»։

Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը սկիզբ առավ երկու շաբաթ առաջ՝ Արցախ իրանական վառելիքի մատակարարման պատճառով։ Բաքուն պնդում է, թե իրանցի վարորդները պետք է Ղարաբաղ մտնելու համար Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը ստանան։ Շաբաթներ առաջ ադրբեջանցիները երկու իրանցի վարորդի են ձերբակալել՝ այդ կարգը խախտելու մեղադրանքով, մյուսներից էլ ավելի քան 100 դոլարի հարկ են գանձում՝ իրենց ճանապարհը հատելու համար։

Անցած շաբաթ Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանին, Ադրբեջանը և Թուրքիան էլ պատրաստվում են հոկտեմբերի 5-8-ը համատեղ զորավարժություն անցկացնել Նախիջևանում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button