Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհների քարտեզը շուտով ամբողջովին կփոխվի, Թվիթերում գրել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության զարգացման նախարար Ռոստամ Հասեմին։
«Փոխնախարարներին տրված հատուկ հանձնարարության շնորհիվ Նորդուզից Հայաստան գնացող ճանապարհի և կովկասյան միջանցքի հարցը կլուծվի», – պնդել է իրանցի նախարարը՝ հավելելով․ – «Նրանք, որոնք խնդիրներ էին առաջացնում, պետք է իմանան, որ մեր ճանապարհը չեն կարող փակել։ Իսկ այ «այրված կամուրջները» վերականգնելը բարդ կլինի»։
Թե ում են ուղղված այս խոսքերը, նախարարը չի հստակեցրել։
Օրեր առաջ Հայաստան էր ժամանել Հասեմիի տեղակալը՝ Խեյրոլլահ Խադեմին, ով հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Հայաստանին Իրան-Հայաստան նոր՝ այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցում։