ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ նվիրված զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ` հայտարարությանը միացել է 19 երկիր ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից։
Հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է, որ ուժի ապօրինի կիրառմանը հաճախ նախորդում կամ ուղեկցում են ատելության խոսքը, պատերազմի լայնածավալ քարոզչությունը, քաղաքական առաջնորդների և հանրային գործիչների ռասայական կամ էթնիկ գերակայության մասին հայտարարությունները, որոնք սփռում են թշնամանք և նախապաշարումներ՝ էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի հանդեպ, կամ պաշտպանում և արդարացնում նրանց հանդեպ բռնության կիրառումը:
«Նրանք շեշտում են, որ ռազմագերիներն ու ձերբակալվածները պետք է արժանանան միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան վերաբերմունքի, պետք է անհապաղ ազատ արձակվեն և հայրենադարձվեն ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո: Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է պատանդառությունը, ռազմագերիների և ձերբակալված անձանց ձգձգված բանտարկումը՝ նրանց սակարկման առարկա դարձնելու նպատակով», – հայտարարությունը ներկայացնում է Արտգործնախարարությունը։