Սահմանային և սահմանազատման խնդիրները, գերիների և անհետ կորածների հարցեր․ 44-օրյա պատերազմի հետևանքներ է Հայաստանի նախագահը ներկայացրել Իտալիայում։
«Այո, սա շատ մեծ դժբախտություն է, որի հետևանքները մինչև օրս կան՝ գերության մեջ գտնվողներ, անհետ կորածներ։ Սրանք պատերազմի հետևանքներն են։ Իտալիայում իմ հանդիպումների ժամանակ մեկ անգամ ևս բարձրացրեցի մեզ հուզող բոլոր դժվարին հարցերը՝ սահմանային և սահմանազատման խնդիրները, գերիների և անհետ կորածների հարցերը։ Խնդրեցի իտալական կողմի աջակցությունը», – Հռոմի Լևոնյան հայկական վարժարանում՝ Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Արմեն Սարգսյանը։
Վերջին տվյալներով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում և Հայաստանում զոհվել է ընդհանուր 3 հազար 788 անձ։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ, 200-ից ավելի անձանց գտնվելու վայրն անհայտ է։ Պատերազմից հետո Ադրբեջանը 109 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։
«1990-ականների սկզբին մենք երևի ավելի լավ էինք պատրաստ պատերազմին, և հաղթեցինք։ Ցավոք,այդ հաղթանակը չվերածեցինք կայուն խաղաղության, և եղավ երկրորդ պատերազմը», – ասել է Հայաստանի նախագահը։
Ընդգծելով, որ Ադրբեջանը, օգտագործելով իր հնարավորությունները, բնական ռեսուրսները, կառուցեց ժամանակակից բանակ՝ օգտվելով Թուրքիայի ուղղակի աջակցությունից՝ Արմեն Սարգսյանը՝ շեշտել է հարցը քաջության, մարտիկների նվիրվածության մեջ չէր։
Նախագահը նախ սխալներից խոսելու ու դրանք գնահատելու կոչ է արել, ապա ընդգծել՝ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել ժողովրդի ողջ հավաքական ուժը, այդ թվում՝ Սփյուռքի ներուժը։ «Հայ ժողովուրդն ունի բնական հարստություն՝ հայ ժողովուրդը։ Հայաստանի համար այն կոչվում է Սփյուռք, Սփյուռքի համար՝ Հայաստան։ Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ այս բաժանումը չունենանք, մենք մեզ չբաժանենք։ Վաղուց ժամանակն է, որ գիտակցենք, որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք», – ասել է Արմեն Սարգսյանը։
Հայաստանի նախագահն իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Իտալիա մեկնեց հոկտեմբերի 5-ին՝ այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի հրավերով։