2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց ռուսաստանյան «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին և ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսային։ Երկուսն էլ հեղինակավոր այս մրցանակին արժանացել են խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված իրենց ջանքերի համար։
«Չնայած սպանություններին [աշխատակիցների] և սպառնալիքներին՝ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը չի հրաժարվել թերթի անկախ քաղաքականությունից։ Նա մինչև վերջ պաշտպանել է լրագրողների իրավունքները», – հայտարարել է նորվեգական Նոբելյան կոմիտեի ղեկավար Բերիտ Ռեյս-Անդերսոնը՝ հիշեցնելով, որ նախօրեին լրացել է պարբերականի առաջատար լրագրող Աննա Պոլիտկովսկայայի մահվան 15-րդ տարելիցը։
«Նովայա գազետա»-ն ռուսաստանյան ամենաազդեցիկ լրատվամիջոցներից է, լրատվամիջոցի վերջին տարիների ամենաաղմկահարույց հետաքննություններից է «Արժանապատվության սպանությունը»՝ Չեչնիայում միասեռական տղամարդկանց սպանությունների և հետապնդումների մասին: Հոդվածի հրապարակումից հետո թերթի լրագրողները սկսել են հաշվեհարդարի սպառնալիքներ ստանալ։
Ֆիլիպինցի լրագրող և խմբագիր Մարիա Ռեսսան տարիներ շարունակ լուսաբանում է Ֆիլիպինների սկանդալային բռնապետ Դուտերտեի արյունոտ ռեժիմի քաղաքականությունը։
2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներից էին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։