Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի գործողությունները, որի արդյունքում այսօր Մարտակերտում քաղաքացիական անձ է զոհվել:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ սա նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է` ընդգծելով, որ «տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության»։
Արցախի արտգործնախարարությունը շեշտում է, որ խստորեն Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և սադրիչ գործողությունները միտված են խաղաղ բնակչության շրջանում վախի մթնոլորտի ստեղծմանն ու Արցախի հայաթափմանը:
«Ադրբեջանը նաև հեռահար նպատակներ է հետապնդում․ խափանել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացումն ու կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը», – ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որում գերատեսչությունը նաև կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական կողմին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ:
Ըստ հայկական կողմի` Մարտակերտի հարակից տարածքում գտնվող նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից այսօր զոհվել է քաղաքի 55-ամյա բնակիչը:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հերքել է այս լուրը` նշելով, որ այն «սուտ է և չի համապատասխանում իրականությանը»: