Ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ է զոհվել, «Ազատությանը» փոխանցեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 13:20-ի սահմաններում, քաղաքացին գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել Մարտակերտի մերձակայքում:
Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է, որ զոհվածը Մարտակերտի բնակիչ էր` Արամ Տեփնանցը, այս պահին տեղում աշխատում են իրավապահ մարմինները:
Ադրբեջանական կողմը դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել այս մասին, ռուսական խաղաղապահ առաքելությունը` ևս:
Արցածի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի համաձայն` անցած մեկ տարում Ադրբեջանի զինուժը սպանել է Արցախի 80 քաղաքացիական անձի, որից 38-ին՝ գերության մեջ կամ իր վերահսկողության ներքո: