Հադրութի գործողությունը հատուկ նշանակություն ունի, հայտարարում է Ալիևը

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ իրականացված գործողությունների թվում Հադրութի գործողությունը հատուկ նշանակություն ունի ինչպես ռազմական, այնպես էլ ռազմավարական տեսանկյունից, հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Այդ գործողության հաջող ավարտը մեզ թույլ տվեց հասնել մեր նպատակին՝ Ղարաբաղի ազատագրմանը», – ասել է Իլհամ Ալիևը երեկ Խոջավենդի շրջանի հասարակայնության հետ հանդիպման ժամանակ:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն ընդգծել է, որ Հադրութի դիրքն առանձնահատուկ նշանակություն ունի ռազմավարական առումով, քանի որ լեռնային տարածք է. – «Ավանը շրջապատող բարձունքները թույլ են տալիս վերահսկել ընդարձակ տարածք: Հադրութը գրավելը շատ բարդ էր ռազմական տեսանկյունից: Միաժամանակ, Հադրութի գրավմամբ նոր հնարավորություններ բացվեցին մեր հետագա ծրագրերի համար»:

Ադրբեջանի նախագահի փոխանցմամբ՝ Հադրութի շուրջ կատաղի մարտեր են ընթացել մի քանի օր, և երեկ «Հադրութն օկուպացիայից ազատագրելու առաջին տարեդարձն էր»:

Ալիևի խոսքով՝ Հադրութի գործողության մեկ այլ նշանակությունն էր այն, որ Հայաստանի ղեկավարությունը և հայկական բանակը չէին սպասում ադրբեջանական բանակի առաջխաղացում Հադրութի ուղղությամբ. – «Նրանք կարծում էին, որ մենք կշարժվենք Ֆիզուլիի ուղղությամբ: […] Հադրութի գրավումն իրոք պահանջում էր շատ մեծ ինքնազոհություն և պրոֆեսիոնալիզմ: Իրականացնելով այդ գործողությունը՝ մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք Հայաստանին և ամբողջ աշխահին մեր ուժը»:

Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Հադրութի կորուստը Հայաստանի մոտ «հսկայական բարոյա-հոգեբանական ցնցում է առաջ բերել», և հայկական կողմը երկար ժամանակ թաքցնում էր տեղի ունեցածը:

Ալիևը հայտնել է, որ Հադրութի հետ կապված մեծ ծրագրեր ունեն, ցանկանում են այն վերածել «միջազգային մշակույթի և զբոսաշրջության կենտրոնի»:

Ադրբեջանի նախագահը նաև Հադրութում կառուցվելիք մզկիթի, այլ շինությունների հիմքերն է գցել:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button