Լրագրողական կազմակերպությունները ՍԴ որոշումը համարում են հիասթափեցնող ու վրդովեցուցիչ

Թվով տասնմեկ լրագրողական կազմակերպությունների հիասթափեցրել ու վրդովեցրել է Սահմանադրական դատարանի որոշումը, որով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համարվել է Սահմանադրությանը համապատասխանող։

Հայտարարության մեջ այդ կազմակերպությունները նշում են, որ Բարձր դատարանի որոշումը հաշվի չի առնում տվյալ խնդրին վերաբերող՝ Եվրոպայի Խորհրդի հանձնարարականներն ու Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումների պահանջները։

«Անհամաչափ խիստ մոտեցումների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի խոսքի ազատությանը, քան կծառայի արատների դեմ պայքարին։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ պաշտոնատար անձինք, թե՛ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներն իրենց հասցեագրված քննադատությունը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և դիմում են դատարան։ Սա կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել լրատվամիջոցների ազատ գործունեության համար, խրախուսել ու մեծացնել ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական հայցերի հոսքը», – նշված է հայտարարության մեջ։

Ըստ ԱԺ-ի կողմից կատարված փոփոխության՝ վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ։ Օրենքը հեղինակել է ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ դեռ ԱԺ փոխնախագահն էր:

Որպես նախագիծ շրջանառվելիս այն քննադատության արժանացավ ինչպես հայաստանյան մի շարք կազմակերպությունների, այնպես էլ միջազգային կառույցների («Freedom House», «Լրագրողներ առանց սահմանների» և այլն) կողմից։

Այսօրվա հայտարարությամբ թվով տասնմեկ կազմակերպությունները պահանջում են խորհրդարանից վերանայել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող ամբողջ օրենսդրական դաշտը, չեղարկել վերջերս ընդունված՝ միջազգային նորմերին հակասող օրենքները և հրաժարվել շրջանառության մեջ գտնվող նմանատիպ նախագծերի ընդունումից, որից հետո մասնագիտական բաց քննարկումներ նախաձեռնել ԶԼՄ-ների ոլորտի իրավական կարգավորումների հայեցակարգ մշակելու համար, միջազգային կազմակերպություններից՝ քննարկման առարկա դարձնել խորհրդարանի կողմից ԶԼՄ-ներին վերաբերող օրենքների ընդունման և այդ գործընթացում միջազգային նորմերի անտեսման խնդիրները, ինչպես նաև՝ իրավիճակը շտկելու միջոցներ ձեռնարկել։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը անհիմն էր որակել իրենց ուղղված քննադատությունները:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button