Մարտակերտի բնակչի սպանության դեպքը եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է․ դատախազություն

Նոյեմբերի 10-ին Մարտակերտի բնակչի սպանության դեպքը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը՝ շեշտելով՝ հետևողական է լինելու հրադադարի կոպիտ խախտման դեպքի օբյեկտիվ քննության հարցում։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հոկտեմբերի 9-ին «Ազատությանը» փոխանցեց, որ ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ է զոհվել։ Ադրբեջանը հերքեց այս լուրը։ Մարտակերտի քաղաքապետի խոսքով, մինչդեռ, կրակոցների ժամանակ 55-ամյա Արամ Տեփնանցի մոտ՝ տրակտորում, ռուս խաղաղապահներ են եղել: Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց՝ Մարտակերտում քաղաքացիական անձը զոհվել է ադրբեջանցիների կրակոցից։

Դատախազությունն այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 13։20-ի սահմաններում, կրակոցներն արձակվել են Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքի վարելահողից մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից։ Տեփնանցը տեղում մահացել է կրծքավանդակի հատվածում ստացած վիրավորումից։

Ըստ Գլխավոր դատախազության, նախքան գյուղատնտեսական աշխատանքները սկսելը, հաշվի առնելով տեղանքի սահմանամերձ լինելը, Մարտակերտի քաղաքային համայնքի և Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչների միջնորդությամբ այդ տեղանք էին ներկայացել ռուս խաղաղապահները՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը սկզբում խուսափել է վարել գյուղտեխնիկան, սակայն խաղաղապահներից մեկը առաջարկել է նրա հետ անձամբ նստել խցիկում՝ որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ականատեսների պնդմամբ՝ այդ եղանակով նրանք մի քանի պտույտ են կատարել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: Դեպքից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են ոչ միայն այդ, այլև սահմանամերձ այլ հատվածներում։

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի կոպտագույն խախմամբ քաղաքացիական անձի սպանության դեպքի վերաբերյալ առկա տվյալները փոխանցվել են Արցախում տեղակայված Ռուսատանի դատախազության ներկայացուցիչներին, նրանց հետ ապահովվել է օպերատիվ և արդյունավետ համագործակցություն։ Լիարժեք պատրաստակամություն է հայտնվել ներգրավվելու դեպքի հետաքննությանը հնարավոր բոլոր ձևաչափերով», – ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունները հայտարարություններով են հանդես՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մեղավորներին:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button