ԱԱԾ-ն հայտնում է պատվաստման գործընթացում բուժաշխատողների արած չարաշահումների բացահայտման մասին

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Covid-19 դեմ պատվաստման գործընթացում տարբեր բուժհաստատությունների աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների բացահայտման մասին: Ըստ գրատեսչության հաղորդագրության` Երևանի մի շարք բուժհաստատությունների պաշտոնատար անձինք երկրից բացակայող մի շարք անձանց իբր բժշկական զննության ենթարկելու և պատվաստելու վերաբերյալ ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել բժշկական քարտերում, պատվաստումներ չեն իրականացրել, բայց այդ անձանց պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ են մուտքագրել «ARMED» համակարգ:

Սրա հիման վրա այդ քաղաքացիների տվյալներով և լուսանկարով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ:

Հարուցվել են վեց քրեական գործեր՝ թվով վեց բուժհաստատություններում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ, որոնց շրջանակներում ձերբակալվել են երեք բուժաշխատողներ, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք, կառավարության նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցներին հորդորել էր պատասխանատվության ենթարկել պատվաստման կեղծ փաստաթղթեր հատկացնողներին։ Ավելի վաղ ԱԱԾ-ն մեկ դեպքի մասին էր հայտնել, երբ պոլիկլինիկայի բժիշկը գումարի դիմաց քաղաքացուն պատվաստման կեղծ սերտիֆիկատ էր տրամադրել։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ 514 հազար 241 պատվաստում է իրականացվել, առաջին դեղաչափ ստացել է 344 հազար 29 քաղաքացի, երկրորդը` 170 հազար 212-ը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button