Անթույլատրելի ու մերժելի է 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը, հայտարարել է Հայաստանում Սիրիայի դեսպանը։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Ըստ ԱԺ խոսնակի գրասենյակի՝ կողմերն «անդրադարձել են տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը»:
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, բազմիցս հայտարարել են, որ տվյալներ ունեն Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրման մասին, որոնց Անկարան ուղարկել է Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։
2021-ի մայիսին Հայաստանը միջպետական գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի` 44-օրյա պատերազմի ընթացքում մասնավորապես «սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով» կոնվենցիոն խախտումներ թույլ տալու վերաբերյալ։
Պատերազմի օրերին ձերբակալված Սիրիայի քաղաքացիները, որ մեղադրվում էին նաև վարձկանության հոդվածներով, Հայաստանում դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Երևանը նաև տվյալներ ունի մի շարք այլ վարձկանների մասնակցության մասին, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարել։