Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից իր հերթական ուղերձում աջակիցներին կոչ է արել անցնել ակտիվ գործողությունների։
«Ապօրինի, ճնշող, չար ռեժիմն ամեն օր ծիծաղում է մեզ վրա և հեգնում։ Հանրության նկատմամբ այդ հեգնանքին մենք պետք է հակազդենք ակտիվ գործողություններով, ինչպիսին են ընտրողների քվեների պաշտպանությունը բոլոր շրջաններում, իշխանությունների կողմից ընտրողների կաշառման և ահաբեկման փաստերի հավաքագրումը, ընտրական հանձնաժողովների և դատարանների մոտ ակցիաների կազմակերպումը», – փաստաբանի միջոցով փոխանցած նամակում գրել է Սաակաշվիլին։
Ութնամյա բացակայությունից հետո հոկտեմբերի 1-ին ժամանելով հայրենիք՝ Վրաստանի նախկին նախագահն անմիջապես ձերբակալվել է, նրա դեմ ավելի վաղ մի քանի քրեական գործեր էին հարուցվել։
Ինքը Սաակաշվիլին պնդում է, որ իր դեմ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, և ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել։
Նախկին նախագահին ազատ արձակելու պահանջով Վրաստանում հոկտեմբերի 14-ին նախատեսված է զանգվածային բողոքի ակցիա։