Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պայմանավորվել են բանակցությունների հերթական փուլ անցկացնել՝ փորձելու լուծել դեսպանատների գործունեության և դրանց աշխատակիցների թվի շուրջ երկու երկրների միջև տարաձայնությունները: Այդ մասին երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Փրայսը վկայակոչել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի բանակցությունների արդյունքները։
Բանակցությունները տեղի են ունեցել երեկ: Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ դրանք օգտակար են եղել երկու կողմերի համար:
Վիկտորիա Նուլանդը Մոսկվայում մի շարք «բավականին կառուցողական և արդյունավետ» հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարության հետ, իր հերթին, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին: