Երեքշաբթի օրը Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում՝ Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ առաջին Պատրիարքի հետ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու պետն անդրադարձել է երկու եկեղեցիների բազմադարյա եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաև խոսել է երկու ժողովուրդների ու երկրների միջև բարեկամական ու ջերմ կապերի մասին:
Իր հերթին, Վեհափառը հաստատել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա են դարավոր բարեկամության ամուր կապեր, որոնք անփոփոխ կերպով դրսևորվել են անգամ ամենադժվարին և բարդ իրավիճակներում:
Անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմին և հետպատերազմյան հետևանքների հաղթահարման խնդիրներին` Վեհափառն իր երախտագիտությունն է հայտնել Ռուս եկեղեցուն և նրա հովվապետին ծանր այդ շրջանում Հայոց եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար: «Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ Սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Սակայն հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը», – ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Զրույցի ընթացքում քննարկվել են հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող խաղաղարարական ջանքերը:
Հանդիպման ավարտին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը Ամենայն Հայոց կաթողիկոսին շնորհել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Փառքի և Պատվի» առաջին աստիճանի շքանշան` Հայ Առաքելական եկեղեցու և Մոսկվայի Պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի ու Վեհափառի ծննդյան 70-ամյակի առիթով:
«Այս պարգևը դիտարկում ենք իբրև Ձերդ Սրբության հարգանքի և սիրո նշան մեր ժողովրդի և եկեղեցու հանդեպ», – շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ ասել է Գարեգին երկրորդը։
Հույս հայտնելով, որ հետագայում ևս երկու եկեղեցիների միջև հարաբերությունները կպահպանվեն բարձր մակարդակի վրա, ինչպես նաև ընդգծելով քրիստոնեական ներկայության կարևորությունը Կովկասում` Կիրիլ Պատրիարքը նշել է. – «Ամենաուժեղ, թերևս, ներկայություններից մեկն իրականացվում է Ձեր Եկեղեցու և Ձեր անձի միջոցով: Ամեն կերպ պետք է աջակցենք, որպեսզի Ձեր ծառայությունն այնքան բարեհաջող լինի, որքանով դա հնարավոր է Ռուս Ուղղափառ եկեղեցու համար»:
Այսօր Վեհափառը Ռուսաստանի մայրաքաղաքում կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: