Վեհափառը Մոսկվայում հանդիպել է Ռուսիո Պատրիարքի հետ. այսօր կկայանա հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը

Երեքշաբթի օրը Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում՝ Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ առաջին Պատրիարքի հետ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու պետն անդրադարձել է երկու եկեղեցիների բազմադարյա եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաև խոսել է երկու ժողովուրդների ու երկրների միջև բարեկամական ու ջերմ կապերի մասին:

Իր հերթին, Վեհափառը հաստատել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա են դարավոր բարեկամության ամուր կապեր, որոնք անփոփոխ կերպով դրսևորվել են անգամ ամենադժվարին և բարդ իրավիճակներում:

Անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմին և հետպատերազմյան հետևանքների հաղթահարման խնդիրներին` Վեհափառն իր երախտագիտությունն է հայտնել Ռուս եկեղեցուն և նրա հովվապետին ծանր այդ շրջանում Հայոց եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար: «Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ Սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Սակայն հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը», — ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Զրույցի ընթացքում քննարկվել են հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող խաղաղարարական ջանքերը:

Հանդիպման ավարտին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը Ամենայն Հայոց կաթողիկոսին շնորհել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Փառքի և Պատվի» առաջին աստիճանի շքանշան` Հայ Առաքելական եկեղեցու և Մոսկվայի Պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի ու Վեհափառի ծննդյան 70-ամյակի առիթով:

«Այս պարգևը դիտարկում ենք իբրև Ձերդ Սրբության հարգանքի և սիրո նշան մեր ժողովրդի և եկեղեցու հանդեպ», — շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ ասել է Գարեգին երկրորդը։

Հույս հայտնելով, որ հետագայում ևս երկու եկեղեցիների միջև հարաբերությունները կպահպանվեն բարձր մակարդակի վրա, ինչպես նաև ընդգծելով քրիստոնեական ներկայության կարևորությունը Կովկասում` Կիրիլ Պատրիարքը նշել է. — «Ամենաուժեղ, թերևս, ներկայություններից մեկն իրականացվում է Ձեր Եկեղեցու և Ձեր անձի միջոցով: Ամեն կերպ պետք է աջակցենք, որպեսզի Ձեր ծառայությունն այնքան բարեհաջող լինի, որքանով դա հնարավոր է Ռուս Ուղղափառ եկեղեցու համար»:

Այսօր Վեհափառը Ռուսաստանի մայրաքաղաքում կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button