Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել

Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ, ընդգծելով՝ Թեհրանում ակնկալում են, որ Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների հարցը կլուծվի։ Զրույցը կայացել է Ադրբեջանի և Իրանի միջև վերջին շաբաթներին սրված հարաբերությունների ֆոնին։

«Ընդգծելով պետությունների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար հարգելու կարևորությունը՝ Իրանի արտգործնախարարը նշել է՝ Բաքուն և Թեհրանը կապված են վաղեմի և կայուն հարաբերություններով։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր միջև թյուրըմբռնումներ լինեն, անհրաժեշտ է հարաբերությունները տանել ամրապնդելու և ընդարձակելու ճանապարհով», – հաղորդում է Իրանի արտգործնախարարությունը։

Ըստ պաշտոնական Թեհրանի, հեռախոսազրույցի ընթաքում Հոսեյն Ամիր Աբդոլահիանն անդրադարձել է նաև Իրանից Հայաստան ձգվող ճանապարհի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում ի հայտ եկած խնդիրներին։ Մի քանի շաբաթ է՝ Բաքուն մաքսատուրքեր է պահանջում Գորիս-Կապան մայրուղու այդ 21 կիլոմետրանոց հատվածով անցնող իրանցի վարորդներից, երկուսին էլ ձերբակալել է՝ ապօրինի Ղարաբաղ այցելելու համար։

«Նախարար Աբդոլահիանն ընդգծել է՝ Թեհրանն ակնկալում է, որ տարանցիկ բեռնատարների հարցը կլուծվի», – հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն և չպետք է հնարավորություն տան, որ այդ թշնամիները փչացնեն երկկողմ հարաբերությունները։ Տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության ու համագործակցության ճանապարհով», – ասել է Աբդոլահիանը։

Ադրբեջանի արտգործնախարարը ևս, ըստ պաշտոնական Թեհրանի, նշել է, թե երկու երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, և պնդել, թե դրանց պահպանումը գերակայություն է Բաքվի համար։

«Նախարար Բայրամովը կարևորել է առկա տարաձայնությունների կարգավորումը անկեղծ միջավայրում՝ երկխոսության միջոցով», – հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հավելելով՝ Բայրամովն առաջարկել է, որ երկու երկրների մաքսավորները հանդիպեն և քննարկեն բեռնատարների տարանցման հարցը։

Զրույցի ավարտին Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները միմյանց այցելելու հրավերներ են փոխանակել, հաղորդում է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button