Աշխարհի տնտեսապես առավել զարգացած 20 երկրները մտադիր են մարդասիրական օգնություն տրամադրել Աֆղանստանին:
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի նախագահությամբ առցանց եղանակով գումարված արտակարգ ժողովում «Մեծ քսանի» լիդերները նշել են, որ Աֆղանստանին անհրաժեշտ է աջակցել նույնիսկ այն դեպքում, երբ օգնության տրամադրումը կպահանջի համագործակցություն թալիբների ռեժիմի հետ:
Թալիբները երկու ամիս առաջ են գրավել իշխանությունն Աֆղանստանում: Այդ երկրում սոցիալական-տնտեսական ծանր ճգնաժամ է, ֆինանսական համակարգը կաթվածահար վիճակում է, դրամատներում կանխիկ միջոցներ գրեթե չեն մնացել, քաղաքացիական սեկտորի ծառայողներն աշխատավարձ չեն ստանում, գրանցել է աննախադեպ գնաճ:
«Շատ դժվար է օգնություն ուղարկել Աֆղանստան և որևէ կերպ չառնչվել երկիրը դե-ֆակտո կառավարող թալիբների հետ։ Եթե նրանք չեն ցանկանա, որ մենք մտնենք երկիր, մենք չենք մտնի, մենք պետք է սատարենք Աֆղանստանի ժողովրդին, դա չի նշանակում թալիբների ռեժիմի ճանաչում՝ ճանաչումը քաղաքական որոշում է», – ասել է Իտալիայի վարչապետը:
Չինաստանի և Ռուսաստանի նախագահներ Սի Ծինպինը և Վլադիմիր Պուտինը չեն մասնակցել «Մեծ քսանի» հեռավար ժողովին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երկու գերտերությունների մոտեցումներն Աֆղանստանին օգնելու հարցում տարբերվում են ժողովի մասնակիցների տեսակետներից:
Ժողովից առաջ Չինաստանը հայտարարել է, թե հարկ է արգելանքը չեղարկել և Աֆղանստանի կառավարությանը վերադարձնել այդ երկրի՝ միջազգային բանկերում պահվող միլիարդավոր դոլարների հասնող ֆինանսական միջոցները: