Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հայտարարում են, որ ուսումնասիրում են Իրանի հետ աշխատելու այլընտրանքային ծրագիր, եթե Թեհրանը լիարժեք չվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքը փրկելու բանակցություններին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը հայտարարել են, որ երկու երկրների միջև սկսվել են «այլ տարբերակների» շուրջ քննարկումները, եթե Իրանը մերժի գործարքին միանալու առաջարկը՝ Միացյալ Նահանգների վերադարձի դեպքում:
«Մենք կդիտարկենք խնդրի լուծման բոլոր տարբերակները, որ կառաջարկի Իրանը», – ասել է Բլինքենը երեկ Լապիդի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար շեյխ Աբդուլլա Բին Զաիդի հետ Պետդեպարտամենտում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:
2018 թվականին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս բերեց Միացյալ Նահանգները Իրանի հետ միջուկային համաձայնագրից և կրկին տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի դեմ:
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ գործարքին, եթե Թեհրանն այն լիարժեք կատարելու պատրաստակամություն հայտնի:
Բլինքենը երեկ ասել է, որ «ժամանակը սուղ է», որպեսզի Իրանը վերադառնա գործարքի իրականացմանը, սակայն հրաժարվել է նշել կոնկրետ ամսաթիվ, թե երբ արդեն ուշ կլինի:
Լապիդն ավելի կտրուկ է եղել՝ կրկնելով Իսրայելի նախազգուշացումները, որ անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կգործադրի՝ Իրանին միջուկային զենքի ստեղծումից հետ պահելու համար: