Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր հանդիպել են Մինսկում` ռուսական կողմի նախաձեռնությամբ: Նրանք այստեղ մասնակցում են ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքին։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը, հայտնում է հայկական կողմը:
Արարատ Միրզոյանն արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարևորել է ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ Նա ուշադրություն է հրավիրել եռակողմ հայտարարության որոշ դրույթների իրականացված չլինելուն` ընդգծելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Չնայած «գերիներին բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով վերադարձնելու մասին պայմանավորվածությանը` հայկական կողմը պնդում է, թե տասնյակ հայ զինծառայողներ դեռ մնում են ադրբեջանական բանտերում։ Գերիներին Ադրբեջանը համարում է հանցագործներ՝ պնդելով, որ նրանք հրադադարի համաձայնությունից հետո են հայտնվել Ադրբեջանի տարածքում՝ որպես դիվերսանտներ։
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Նյու Յորքում Բայրամովի հետ հանդիպմանը` վերահաստատելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։
Նախքան եռակողմ հանդիպումը Լավրոն առանձին-առանձին հանդիպել է երկու գործընկերների հետ: Միրզոյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե «Ղարաբաղը միշտ պետք է օգտվի մեր ուշադրությունից»:
Երկկողմ բանակցությունների պատրաստակամության մասին, հիշեցնենք, նաև երկրների ղեկավարների մակարդակով և՛ Երևանը, և՛ Բաքուն էին հայտարարել, ընդ որում՝ Բաքուն պնդում է, որ Երևանը պետք է ստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։