Հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը․ Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը՝ Մինսկում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին:

Արարատ Միրզոյանը կարևորել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը և ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որ այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Լուսանկարն արված է 2020-ի հոկտեմբերի 29-ին

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի համատեքստում՝ Հայաստանի արտգործնախարարը կարևորել է նաև ինքնիշխանության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, պետական սահմանների անխախտելիության, ուժ և ուժի սպառնալիքի չկիրառման ու վեճերի՝ խաղաղ միջոցներով կարգավորման սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որն արտացոլված է մասնակից պետությունների կողմից ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում։

Միջոցառումն անցկացվել է նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով։ Քննարկվել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ու հումանիտար փոխգործակցությանն առնչվող հարցեր:

ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որոնք վաղը կներկայացվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը։

ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հավաքի շրջանակներում Մինսկում են նաև Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը։ Արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին, սակայն, որևէ տեղեկություն նախօրեին չի տարածվել, թեև և՛ պաշտոնական Երևանը, և՛ Բաքուն երկկողմ հանդիպումներ առաջիկայում չեն բացառել։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button