Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը սպասում է Վաշինգտոնի և Թեհրանի արձագանքներին՝ նախքան Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցողների հանդիպում հրավիրելը:
«Մենք սպասում ենք իրանցիների պատասխանին», – ասել է Բորելի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն: – «Հանդիպում կհրավիրվի, եթե բոլոր կողմերը համաձայն լինեն և բոլորը պատրաստ լինեն: Անհրաժեշտություն կա անհապաղ վերսկսել քննարկումները»:
Ժոզեպ Բորելը Վաշինգտոնում է, որտեղ հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Եվրամիության գլխավոր բանակցող Էնրիկե Մորան երեկ հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերիի հետ: Մի քանի ժամ տևած հանդիպումից հետո հայտարարվեց, որ Իրանը և ԵՄ-ը պայմանավորվել են Բրյուսելում շարունակել երկխոսությունը՝ նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները: