Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, 2001 թվականի հունվարին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով, Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ իր ելույթում այսօր ասել է Հայաստանի փոխարտգործնախարարն՝ ընդգծելով՝ հետևաբար, 2020 թվականի 44-օրյա պատերազմն Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտում է հանդիսանում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:
Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները համարելով ամենահրատապ խնդիրներից մեկը՝ Վահե Գևորգյանն այս հարցում կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը։
«Մենք կարծում ենք, որ անձանց հիմնարար իրավունքները պահպանելու տեսանկյունից Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ», – ասել է փոխարտգործնախարարը:
Գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, Մարդու իրավունքների եվրոպական Դատարանը, համապատասխան մոնիտորինգային մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում արդեն փորձել են արձագանքել խնդրին, ասել է փոխարտգործնախարարն ու շեշտել՝ Նախարարների կոմիտեն, այնուամենայնիվ, դեռևս չի դրսևորել իր դերակատարությունը։
«Լիահույս եմ, որ Կոմիտեի անդամների ներկայությունն այստեղ դրական ներգործություն կունենա այս հարցում առաջընթաց գրանցելու գործում», – եզրափակել է փոխարտգործնախարարը:
Պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։