ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ, FBI) աշխատակիցները երեքշաբթի օրը Վաշինգտոնում և Նյու Յորքում խուզարկություններ են անցկացրել շքեղ առանձնատներում, որոնք, ենթադրաբար, պատկանում են ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկային:
Հետաքննությունների դաշնային բյուրոն հրաժարվել է տեղեկություններ հայտնել խուզարկությունների պատճառի մասին, նշելով միայն, որ իրականացված գործողությունների վերաբերյալ կա պատկան դատարանների պաշտոնական թույլտվությունը:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունը Դերիպասկայի նկատմամբ հետաքննություն է վարում:
Ռուսաստանցի օլիգարխի ներկայացուցիչ Լարիսա Բելյաևան ասել է, որ խուզարկված առանձնատները պատկանում են ոչ թե Դերիպասկային, այլ նրա ազգականներին, իսկ խուզարկություններն առնչություն ունեն ոչ թե քրեական գործերի, այլ պատժամիջոցների հետ:
Ըստ ականատեսների, խուզարկված տներից ամերիկացի իրավապահները դուրս են հանել ինչ-որ իրեր, որոնք տեղավորել են մոտակայքում կայանված մեքենայի մեջ: