Առնվազն 27 մարդ է զոհվել Սիրիայի մայրաքաղաքում զինվորականների տեղափոխող ավտոբուսի պայթեցման հետևանքով։
Սա ամենաարյունալի հարձակումն է Դամասկոսում 2017 թվականից ի վեր, երբ 31 մարդ էր զոհվել մահապարտի հարձակման հետևանքով, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Ավտոբուսն «ահաբեկչական հարձակման» է ենթարկվել կամուրջը հատելիս, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ` տեղի է ունեցել երկու պայթյուն, դեպքի վայրում հայտնաբերվել է ևս մեկ պայթուցիկ սարք, որը չէր հասցրել գործել։
Տեղի ունեցածի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։
Սիրիայում ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող հակամարտությունը շուրջ 350 հազար մարդու կյանք է խլել, երկրի բնակչության կեսը փախստական է դարձել։