Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կառավարական հանձնաժողով կստեղծվի

Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով, որտեղ կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը։ Մանրամասներ կհաղորդվեն Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո, «Ազատությանը» փոխանցեցին կառավարությունից։

Գործադիրից, սակայն, չեն մանրամասնում, թե արդյոք ծրագրվում է Սիրադեղյանի դին տեղափոխել Հայաստան, որտեղ են հուղարկավորելու և ով է գլխավորելու կառավարական հանձնաժողովը։

Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 16-ին՝ 75 տարեկանում։

Հայ ազգային կոնգրեսը կառավարությանը կոչ է արել Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում՝ հաշվի առնելով «ժողովրդին նրա մատուցած ծանրակշիռ ծառայությունները՝ գրականության և պետական կառավարման բնագավառներում»:

Սիրադեղյանի ընտանիքից «Ազատությանը» փոխանցել են, որ այս հարցով դեռ հստակություն չկա։

Վանո Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր և ղեկավար անդամ: Հայաստանի անկախության առաջին տասնամյակում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ Ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀՇ վարչության նախագահ:

1998 թվականի փետրվար-ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառառություն, նա 1999 թվականի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու Դատախազության միջնորդությունը, ինչից հետո նա փախուստի դիմեց և մինչ այժմ հետախուզման մեջ էր:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button