Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերսկսել է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի օգտագործման հաստատման ընթացակարգը, նշում է կազմակերպությունը:
Sputnik V-ի թվիթերյան պաշտոնական էջում ասվում է, որ պատվաստանյութերի նախաորակավորման գործընթացն «ընթանում է ժամանակացույցին համապատասխան և մտնում է վերջին փուլ»: ԱՀԿ տեսուչների խումբը շուտով կայցելի Ռուսաստան՝ բոլոր անհրաժեշտ ստուգումներն իրականացնելու և փաստաթղթեր կազմելու համար, ասվում է հաղորդագրությունում:
Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը, որը ներգրավված է Sputnik V-ի բաշխման գործընթացում, ակնկալում է, որ պատվաստանյութը կհաստատվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում:
Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՀԿ-ը դադարեցրել է Sputnik V-ի հաստատման գործընթացը: Պատճառը պատվաստանյութն արտադրող գործարաններից մեկում խախտումներն էին: Թե որ գործարանի մասին էր խոսքը, չէր նշվում: