Միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ։
Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում նա շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ասված է Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում։
Կողմերը նաև արձանագրել են վեճերի կարգավորման նպատակով ուժի չկիրառման սկզբունքի պահպանման կարևորությունը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ: Արարատ Միրզոյանը կարևորել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը՝ որպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման արդյունավետ գործիք։ Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը:
Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին: Խավիեր Կոլոմինա Պիրիսը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում Հայաստանի մասնակցության համար: