ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն են կարևորել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը, քննարկել են տարբեր հարթակների, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը:
44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներից Միրզոյանն առաջնահերթ ընդգծել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման հարցը, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում: