Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանից ևս հինգ հայ գերիների վերադարձը և հույս ունի, որ այս գործընթացը կշարունակվի։ Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հոկտեմբերի 19-ին ռուս զինվորականների աջակցությամբ Ադրբեջանից հայրենիք են վերադարձել ևս հինգ հայ գերիներ: Մենք ողջունում ենք Բաքվի այս քայլը, հույս ենք հայտնում, որ ձերբակալվածների վերադարձի գործընթացը կշարունակվի», – ասել է Զախարովան։
Ադրբեջանից վերադարձած գերիների ընդհանուր թիվն այս շաբաթ հասավ 114-ի, նրանց թվում են և՛ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք։ Բաքվում քրեական գործերով հիմնականում անցնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված պահեստազորայինները։
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։