Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր ասել է, որ Անկարան սկսել է Միացյալ Նահանգներից F-16 տեսակի ռազմական ինքնաթիռներ գնելու տեխնիկական աշխատանքը:
«Թուրքիայի հզորացումը ՆԱՏՕ-ի հզորացումն է», – ասել է Աքարը, հայտնելով, որ Պաշտպանության նախարարությունը հետևում է գործարքի իրականացման տեխնիկական ընթացքին:
Վաշինգտոնը 2019 թվականին ճնշում է գործադրել Անկարայի վրա, պահանջելով չեղարկել ռուսական արտադրության С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու գործարքը:
Երբ Անկարան մերժել է պահանջը, Միացյալ Նահանգները հրաժարվել է թուրքերին վաճառել F-35 տեսակի հինգերորդ սերնդի կործանիչները:
Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը ժամանակին սպառնացել է, թե այդ դեպքում թուրքերը կարող են քննարկել Ռուսաստանից Су-35 և Су-57 տեսակի ռազմական ինքնաթիռներ գնելու հնարավորությունը: