Կիրակի երեկոյան կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 9 կիլոմետր արևելք, տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդումներ չկան։
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ 3․8 մագնիտուդով երկրաշարժը՝ օջախի 10 կմ խորությամբ, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է ժամը 21։04, հյուսիսային լայնության 41.12 աստիճան և արևելյան երկայնության 43.92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 4 բալլ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալլ ուժգնությամբ:
Օրեր առաջ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրայից 15 կմ հյուսիս-արևելք, գրանցվել էր 2․3 մագնիտուդով, 3 բալլ ուժգնությամբ երկրաշարժ։