2022 թվականի համար կառավարութjունը նախատեսում է 7 տոկոս տնտեսական աճ, այսօր Ազգային ժողովում՝ «Բյուջե 2022-ի» նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով կառավարությունն ավելիի հույս ունի։
2021-ի համար կառավարությունը կանխատեսել է 6 տոկոս տնտեսական աճ։
Նշելով, որ 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 հազար 141 վճարվող աշխատատեղ, վարչապետը շեշտեց՝ նման բարձր ցուցանիշ Հայաստանը երբեք չի ունեցել: Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվանից բարձր է 3 տոկոսով։
Ընթացիկ տարում բավականին բարձր՝ 6,4 տոկոս գնաճի ֆոնին վարչապետն ընդգծեց՝ համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15,3 տոկոսով կամ 19 միլիարդ 308 միլիոն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 11, 9 տոկոսով, կամ 23 հազար 782 դրամով։
Ավելի քան 20 տոկոսով աճել է արտահանումը, շինարարության ծավալները՝ 7 տոկոսով, ծառայությունների աճը սեպտեմբերի դրությամբ կազմել է ավելի քան 5 տոկոս, ասաց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ այս գործոնները 7 տոկոս տնտեսական աճի թիրախը դարձնում են իրատեսական, «մանավանդ, որ արդեն մեկնարկել են և, հույս ունեմ, որ հաջողությամբ ավարտին կահասցվեն մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց առաջնային թիրախը Հայաստանը հանքահումքային ռեսուրս արտահող երկրից ուժեղ մետալուրգիայի և մետաղի մշակման հնարավորինս երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է»։
«2022 թվականի բյուջեի եկամուտներն, ըստ նախագծի, կազմում են1 տրիլիոն 946 միլիարդ դրամ, որը 2021 թվականի նկատմամբ ավել է 17 տոկոսով, իսկ 2020 թվականի նկատմամբ՝ 25 տոկոսով։ Ծախսերը կազմում են 2 տրիլիոն 190 միլիարդ դրամ, որը 2021 թվականի նկատմամբ ավել է10 տոկոսով, 2020-ի նկատմամբ՝ 16 տոկոսով։ 2022 թվականի կապիտալ ծախսերը կազմում են 347 միլիարդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 55 տոկոսով, 2020 թվականի նկատմամբ՝ 53 տոկոսով», – տեղեկացրեց վարչապետը։
Օգոստոսի վերջին՝ գործադիրի նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, ասաց, որ նախատեսվում է վեց տարի շարունակ ապահովել տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, իսկ արտաքին բարենպաստ պայմանների դեպքում՝ 9 տոկոս։
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ավելի վաղ խոսել էր երկնիշ տնտեսական աճի հավանականության մասին՝ առաջիկա հինգ տարիներին Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվող 2,6 միլիարդ եվրո աջակցության փաթեթի նաև շնորհիվ։ Եվրամիությունը առաջիկա 5 տարիների համար Հայաստանին հատկացվելիք 1,6 միլիարդ եվրոն այլ աղբյուրներով ավելացրեց 1 միլիարդով՝ ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 միլիարդ եվրո։