Երեկ սահմանին տեղի ունեցածը հետևանք է նաև միջազգային գործընկերների ու հանրության՝ ադրբեջանական ագրեսիային պատշաճ և հասցեական չարձագանքելու, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարն՝ ընդունելով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։
«Ռուսական կողմի միջնորդությամբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն այդ հատվածում ներթափանցման արդյունքում ադրբեջանական զինուժի ներկայությունը ՀՀ-ում շարունակում է մնալ»,-արձանագրել է Արարատ Միրզոյանը, շեշտելով՝ Հայաստանն ակնկալում է, որ իր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունը՝հորդորելու Բաքվին դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։
Վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային պայմանագրերը՝ Միրզոյանը պնդել է, որ Հայաստանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի վրա:
Միրզոյանը նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստանի հետ սահմանագիծ, Հայաստանի տարածք, «փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից»։
«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը», – եզրափակել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: