«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին բռնությունները լրջորեն մտահոգում են Եվրամիությանը», – նշված է դաշինքի կողմից այսօր տարածված հայտարարության մեջ։
Հիշեցնելով, որ ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, Եվրամիությունը կոչ է անում Երևանին և Բաքվին թուլացնել սահմանային լարվածությունը։
«Կոչ ենք անում կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հետ քաշել իրենց ռազմական ստորաբաժանումները և հարգել այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են երկու եռակողմ համաձայնագրերի շրջանակներում», – նշված է ԵՄ հայտարարության մեջ։
«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում վերսկսել բանակցությունները՝ աշխատելով չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման ուղղությամբ, ներառյալ սահմանների սահմանագծումը», – նշված է հայտարարության տեքստում։