44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 3 հազար 788 է․ 3 հազար 712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ, այսօր Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի հոկտեմբերի տվյալները։
Անհայտ է 222 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
«Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 40 է, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ»,- ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայող և քաղաքացիական անձ։
Սեպտեմբերի 15-ի դրությամբ վիրավորվել և ստացիոնար բուժում է ստացել 7 հազար 888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար․113 անձ՝ առաջին խմբի, 390-ը՝ երկրորդ, 961-ը՝ երրորդ խմբի հաշմանդամություն։
Ադրբեջանի զինվորական դատախազության վերջին տվյալներով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական բանակի զոհերի թիվը 2 հազար 907 է, անհետ կորած է համարվում 7 զինծառայող։