Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը տեղից չի շարժվում, իմ տպավորությամբ, Ադրբեջանի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով․ Փաշինյան

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը տեղից չի շարժվում Ադրբեջանի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը մասնավորապես հետաքրքրվեց վարչապետից, թե ինչո՞ւ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը տեղից չի շարժվում, «ի՞նչ խոչընդոտներ կան այստեղ»։

«Ես դեռևս 2021-ի մայիսին հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ», – ասաց վարչապետը՝ շարունակելով՝ մայիսից Ռուսաստանը երեք անգամ հանդես է եկել առաջարկով, Հայաստանն էլ երեք անգամ գործընթացը սկսելու համաձայնություն է տվել։

«Սակայն, իմ տպավորությամբ, գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով», – ասաց Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը վերահաստատեց՝ սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է և «նախկինում մեր արած առաջարկություններն ուժի մեջ են, այդ թվում՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»։

Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը և միջազգային հովանու ներքո սկսվի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց:

Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։

Երեկ Հայաստանի վարչապետ ԱԽ նիստում հայտարարեց, որ մայիսից ի վեր Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք՝ սա որակելով ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, թե Հայաստանի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ շատ վտանգավոր են։ «Անցած տարվա պատերազմից հետո եկել է ժամանակը որոշելու սահմանները՝ Հայաստանը պետք է ընդունի այս հարցում երկխոսության գնալու կոչերը: Խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ Հայաստանը հարգանք ցուցաբերի հարևանների նկատմամբ, ընդունի նրանց սահմանները և տարածքային պահանջներ չներկայացնի», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button