Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին բոլոր խնդիրները լուծել դիվանագիտական-քաղաքական միջոցներով, այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շարունակվում է լարվածության նվազեցմանն ուղղված համատեղ աշխատանքը։ Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ նոր միջադեպերից», – ասել է Զախարովան։
Խոսելով 1997 թվականին կնքված «Բարեկամության և փոխօգնության մասին» հայ-ռուսական համաձայնագրի մի շարք դրույթների, ինչպես նաև ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման մասին` Զախարովան նշել է. «Ռուսաստանը պատասխանատու կերպով է վերաբերվում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ստանձնած պարտավորություններին»։
«Երկկողմ ձևաչափում համապատասխան խորհրդակցություններ են ընթանում», – հավելել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղարը։