Շրջափակման մեջ գտնվող գյուղեր չկան․ Սյունիքի մարզպետ

Շրջափակման մեջ գտնվող գյուղեր չկան, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Սյունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Շեշտելով, թե սոցցանցերում պարբերաբար լինում են պնդումներ, թե Սյունիքի մարզում կան գյուղեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ՝ գործադիրի ղեկավարը հետաքրքրվեց մարզպետից, թե «ունե՞նք գյուղեր, որոնք շրջափակման մեջ լինեն»։

«Չկան, և՛ Որոտանը, և՛ Շուռնուխը, և՛ Բարձրավանը, բոլորը ճանապարհներ ունեն։ Մեր գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ են կապված։ Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, երբ որ Գեղանուշ-Ճակատեն հատվածը խճապատենք, ավելի մատչելի կդառնան», – ասաց Սանոսյանը։

Շեշտելով, որ այդ գյուղերը Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն՝ վարչապետն ընդգծեց՝ այդտեղ ճանապարհի կարճության մասին է խոսքը և որևէ կենսաապահովման խնդիր չկա։

Ըստ Սանոսյանի, այս պահին փաստացի 7 ճանապարհ է կառուցվում, վերանորոգվում։ Կան ճանապարհներ, որոնք արդեն շահագործման են հանձնված, մասնավորապես նշելով Տաթև-Աղվանի ճանապարը։

«Մեր ծրագիրն է դեպի գյուղեր տանող ուղղություններով օր առաջ ունենալ գրունտային ճանապարհներ, որը երթևեկելի կլինի բոլոր մեքենաների համար՝ բոլոր եղանակներին», – ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ 2022-ին այդ բոլոր ճանապարհներն արդեն պատրաստ կլինեն։

Կապան-Ճակատեն ճանապարհի փակ լինելու պատճառով Կապան խոշորացված համայնքի 6 գյուղեր, այդ թվում՝ Ճակատենը, Շիկահողը, Սրաշենը, Ներքին Հանդը, Ծավը և Շիշկերտը զրկվել են իրենց հիմնական ճանապարհից: Այս գյուղեր հասնելու համար հիմա նախ Մեղրի պետք է գալ: Եթե նախկինում մարզկենտրոն Կապանից առավելագույնը15 րոպե էր պահանջվում Ճակատեն գնալու համար, այժմ ավելի քան 3 ժամ է պետք՝ շուրջ 150 կմ ճանապարհն անցնելու համար:

Ազգայի անվտանգության ծառայությունն օրերս հայտնեց, որ Կապան-Ճակատեն ճանապարհի վիճահարույց հատվածում ադրբեջանական կողմը մաքսակետ է տեղադրում: Այդ հայտատարությունից հետո Ճակատեն տանող ճանապարհին հսկողություն են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության սահմանապահները: Նրանք արգելում են երթևեկն այդ ուղղությամբ:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը մաքսակետեր տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածում: Այս ճանապարհի փակ լինելու պատճառով էլ փաստացի շրջափակման մեջ են մնացել Բարձրավանը, Շուռնուխն ու Որոտանը: Այս գյուղեր հասնելու այլընտրանքային ճանապարհները դեռ կառուցվում են:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button