«Հայ-ադրբեջանական սահմանի վերջին փոխհրաձգությունները վկայում են, որ իրավիճակն այնտեղ դեռ վերջնականապես չի հանդարտվել։ Ռուս խաղաղապահների առաքելությունը՝ որպես հրադադարի ռեժիմի պահպանման և խաղաղ բնակչության անվտանգությունը ապահովելու երաշխավոր, չափազանց կարևոր է», – այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Խոսելով տարաձայնությունները հարթելու մասին՝ Պուտինն ասել է, թե «այսօր մեծանում է ռուս դիվանագության դերը՝ վիճելի հարցերի կարգավորման, տնտեսական կապերի, կենսական նշանակության տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերում»։ «Իմ կարծիքով, կարգավորման հեռանկարները վատը չեն։ Իրականում տարածաշրջանի բոլոր երկրները շահագրգռված են այս հարցերի երկարաժամկետ լուծումը գտնելու հարցում», – ասել է Ռուսաստանի նախագահը։
Ավելի վաղ՝ այսօր առավոտյան, Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել։ Փաշինյանը մանրամասներ չէր հայտնել, միայն ասել էր, որ ռուսական կողմի առաջարկությունը ընդունելի է Հայաստանի համար։