Նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանագոտում ծավալված մարտերում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն, զոհված զինծառայողներն են՝ 31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը, պայմանագրային զինծառայողներ՝ 30-ամյա կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը, 31-ամյա շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը, 23-ամյա կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, 41-ամյա շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը, ևս մեկ զոհվածի ինքնությունը դեռ պարզվում է։
«Ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։
Նոյեմբերի 19-ի ժամը 10-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից», – նաև ասված է հաղորդագրությունում։
Մինչ օրս ռազմական գերատեսչությունը հաղորդել էր երկու զոհված զինծառայողների մասին։ 6 ժամ տևած մարտերի հետևանքով ադրբեջանական կողմը 13 հայ զինվորների է գերեվարել, 24 զինծառայողների ճակատագիրն էլ անհայտ էր։
Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաղորդել է իր 7 զոհի և 10 վիրավորի մասին։
Հայաստանի արևելյան սահմանագոտում նոյեմբերի 16-ին ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։