Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը նախօրեին Վաշինգտոնում հանդիպել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինի հետ և միասնականության կոչ արել՝ Ուկրաինայի դեմ ռուսական նոր ագրեսիան կանխելու համար։
«Այդ հնարավոր լարվածությունը, անկասկած աղետալի հետևանքներ կունենա ամբողջ Եվրոպայի համար։ Տեղի կունենա՞ արդյոք՝ մեծապես կախված է քաղաքակիրթ աշխարհի վճռականությունից և միասնականությունից՝ կանխելու ագրեսիան», – հայտարարել է ուկրաինացի նախարարը։
Պենտագոնի ղեկավարն էլ, իր հերթին, նշել է, որ Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետևում է Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական ակտիվությանը։ «Եվ մենք հստակ արտահայտել ենք Ռուսաստանի ապակայունացնող գործունեության կապակցությամբ մեր մտահոգությունը» ,- հայտարարել է Օսթինը։
Վերջին օրերին արևմտյան մի շարք աղբյուրներ հայտնել են Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական ակտիվության աճի մասին։ Կրեմլը հերքել է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, թե Արևմուտքն է սադրիչ գործողությունների դիմում՝ մասնավորապես Սևծովյան տարածաշրջանում։