Ադրբեջանում պատժում են սահմանային միջադեպերի մասին տեսահոլովակներն ապօրինի տարածած զինծառայողներին

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կենտրոնական հրամանատարական բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության փոխնախարարները, բարձրաստիճան հրամանատարները, վարչությունների պետերը և նախարարության տարբեր ծառայությունների ղեկավարները:

Ըստ նախարարության մամլո վարչության տարածած հաղորդագրության, «խորհրդակցության մասնակիցները նշել են, որ վերջին ժամանակաշրջանում սոցցանցերի որոշ օգտատերեր տարածում են պետական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների մասին ոչ պաշտոնական լուսանկարներ և տեսագրություններ, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Պաշտպանության նախարարության ղեկավարության շրջանում»:

«Ադրբեջանի բանակի ղեկավարության կողմից իրականացված միջոցառումների ընթացքում բացահայտվել են նման նյութեր տարածելով գաղտնիության ռեժիմը կոպտորեն խախտած մի խումբ զինծառայողներ, ընդունվել է նրանց զինված ուժերից արտաքսելու որոշում»,- ասվում է հաղորդագրությունում, որի համաձայն, «հավաքված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններ՝ կատարվածին իրավական գնահատական տալու համար»:

Զաքիր Հասանովը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից բանակի առաջ դրված հանձնարարությունների մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է պետական սահմանին և ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման շրջանում ստեղծված իրավիճակը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button