Քաղաքակրթությունների դաշինքն իր մանդատի շրջանակներում պատրաստ է նպաստել տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, միջկրոնական երկխոսությանը և կրոնական սրբավայրերի պաշտպանությանը, հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչը։
Միգել Անխել Մորատինոսին այսօր ընդունել է Նիկոլ Փաշինյանը։
Նշելով, որ սա ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի այսպիսի բարձր մակարդակով առաջին այցելությունն է Հայաստան՝ գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանի ժողովուրդների միջև երկխոսությանը:
Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանք Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, ասել է Փաշինյանը՝ Մորատինոսի ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու խեղաթյուրման փաստերի, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու և Դադիվանքի վանական համալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունների վրա, նշված է Հայաստանի վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում:
Շուրջ մեկ տարի է՝ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։
Փաշինյանն այսօր կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ ընդգծելով այս հարցում ևս Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը, ինչպես նաև Արցախում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդասիրական առաքելության գործունեության անհրաժեշտությունը: