Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը երկու նավ և Ռուսաստանի հետ կապված մեկ ընկերություն է ներառել «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների ցանկում, որը ներկայացվել է Կոնգրեսին։ Այս մասին ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ երեկ հրապարակված հայտարարությունում։
«Այսօրվա զեկույցը համահունչ է Միացյալ Նահանգների անփոփոխ դիրքորոշմանը, համաձայն որի՝ ԱՄՆ-ը դեմ է «Հյուսիսային հոսք-2» գազատարին, և ԱՄՆ կառավարությունը հետևում է PEESA-ի դրույթներին», – հայտարարել է Բլինքենը:
PEESA-ն (Protecting European Energy Security Act) Եվրոպական Էներգետիկ անվտանգության պաշտպանության մասին ակտ է:
ԱՄՆ վարչակազմը պարտավոր է կանոնավոր կերպով Կոնգրեսին հաշվետվություններ ներկայացնել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը մասնակցող իրավաբանական անձանց ցուցակի հետ կապված՝ հնարավոր պատժամիջոցների կիրառման համար։
«Հյուսիսային հոսք-2»-ը, որով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով դեպի Արևմտյան Եվրոպա մղել, ամբողջությամբ կառուցված է և նույնիսկ գազով է լցված, սակայն գազատարը կարող է սկսել աշխատել միայն Գերմանիայում սերտիֆիկացումից հետո: Եվ այս գործընթացը կասեցվել է, քանի որ ըստ գերմանական օրենսդրության օպերատորը պետք է ստեղծի և գրանցի դուստր ձեռնարկություն երկրում գործող գազատարի հատվածի համար։
Բոլոր իրավական ընթացակարգերն ու ստուգումներն ավարտելու համար կարող է պահանջվել մի քանի ամիս, և նույնիսկ գերմանական իշխանությունների «կանաչ լույսից» հետո սերտիֆիկատը դեռ պետք է հաստատվի Եվրոպական հանձնաժողովի կողմից: