Մոլդովան վաղվանից կրկին կարող է զրկվել ռուսական գազից, եթե այսօր չմարի «Գազպրոմ»-ի պարտքը։ Ռուսաստանյան գազային հսկան 48 ժամ է տվել Քիշնևին տասնյակ միլիոնավոր դոլարի պարտքը մարելու համար։
Շաբաթներ առաջ «Գազպրոմ»-ն ու Մոլդովան համաձայնության էին եկել գազի մատակարարման նոր պայմանների շուրջ։ Էներգետիկ ճգնաժամում հայտնված Քիշնևը, որը գազի դեֆիցիտի պատճառով հոկտեմբերին երկրում արտակարգ դրություն էր հայտարարել, ստորագրել էր «Գազպրոմ»-ի պահանջած նոր երկարամյա պայմանագիրը։ Նախկին պայմանագրի ժամկետը սպառվել էր սեպտեմբերին, Մոսկվան, որը 100 տոկոսով ապահովում է այդ երկրի գազային պահանջարկը, իսկույն կրճատել էր գազի մատակարարումները մեկ երրորդով, ինչից հետո ռուսաստանյան ընկերությունը որոշեց էականորեն թանկացնել Մոլդովային մատակարարվող գազը:
«Ընթացիկ վճարումների վերջնաժամկետը նոյեմբերի 22-ն է», – ռուսական НТВ հեռուստաալիքին ասել է «Գազպրոմ»-ի խոսնակ Սերգեյ Կուպրիանովը՝ հավելելով, որ ընկերությունը «մոլդովական կողմին տեղեկացրել է՝ 48 ժամից կդադարեցնի գազի մատակարարումը»։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք կառավարության հետ՝ ծանուցմամբ սահմանված ժամկետում խնդիրը լուծելու ուղղությամբ։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի լուծել այս խնդիրը», – Reuters-ին ասել է «Մոլդովագազ»-ի ղեկավար Վադիմ Չեբանը։
«Գազպրոմ»-ի հաշվարկներով՝ Մոլդովայի պարտքը կազմում է 433 միլիոն դոլար, իսկ քանի որ այդ պարտքի մարման ժամկետները պարբերաբար հետաձգվել են, գումարը, ռուսական կողմի պնդմամբ, հասել է 709 միլիոնի, ինչին, սակայն, մոլդովական կառավարությունը համաձայն չէ։
Էներգետիկ աննախադեպ ճգնաժամն այդ երկրում տեղի է ունեցել քաղաքական փոփոխությունների ֆոնին։ Խորհրդային Միության մաս կազմած Մոլդովան, որը տարիներ շարունակ անվերապահ հավատարմություն էր դրսևորում Կրեմլի նկատմամբ, այս ամառ հիասթափեցրեց մեծ հարևանին։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մոլդովացիները նախապատվությունը տվեցին եվրոպամետ ուժի օգտին, որը ձգտում է առավել սերտ կապեր հաստատել Բրյուսելի հետ՝ փորձելով երկիրը դուրս բերել ռուսաստանյան ազդեցության գոտուց։