«Անհրաժեշտ է տրամադրել ամբողջական ինֆորմացիա՝ ինչ է կատարվում»․ վարչապետն ընդունել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին

Loading...

Ընտրական ինստիտուտի նկատմամբ հանրության վստահությունը մեծանում է, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ սա եղել է իր քաղաքական թիմի և կառավարության կարևոր հանձնառությունը։ «Մենք այդ ճանապարհով գնալու ենք», — ասել է վարչապետը։

Փաշինյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին [Գորիսում ՏԻՄ ընտրություններում հաղթել է համայնքի գործող ընդդիմադիր ղեկավար Առուշ Առուշանյանի դաշինքը: Ընտրական խախտումների համար մեղադրվող 30-ամյա Առուշանյանը կալանավորված է], շնորհավորել հանրապետության բոլոր համայնքների նորընտիր ղեկավարներին։

Շեշտելով, որ Հայաստանում ընտրական համակարգը կատարյալ չէ՝ գործադիրի ղեկավարը կարևորել է, որ քաղաքացին վստահ լինի՝ իր ընտրությունն է որոշիչը: «Անկախ նրանից, թե որ դեպքում ինչքան դա դուր կգա իշխանությանը, ինչքան դուր կգա ընդդիմությանը՝ ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը որոշիչ ուժ է, և սա չափազանց կարևոր գործոն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Սյունիքի խնդիրները կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են»

Սյունիքի խնդիրները կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, ասել է Փաշինյանն՝ անդրադառնալով մարզի խնդիրներին։

«Անհրաժեշտ է տրամադրել ամբողջական ինֆորմացիա՝ ինչ է կատարվում, ինչու է կատարվում, ինչ սպասել, ինչ չսպասել: Պետք է բոլորս կարողանանք իրողությունները հստակ գնահատել, կարողանանք տարբերել կեղծ տեղեկատվությունը ճիշտ տեղեկատվությունից»,- ընդգծել է վարչապետը՝ շեշտելով՝ ընդհանրապես և՛ ներքին, և՛ արտաքին բազմաթիվ հարցերում Հայաստանի բոլոր պետական և ինքնակառավարման մարմինները պետք է գործեն համաժամանակյա, որովհետև խոսքը պետական և ազգային շահերի պաշտպանության մասին է:

Վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման, ինչպես նաև սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու հնարավորություններին:

Հայաստանի վարչապետն օրերս հայտարարեց, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առաջարկներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ։ Փաշինյանը նշել էր, որ այն ընդունելի է հայկական կողմի համար։
Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի է ունենալու Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում։ Անդրադառնալով տարբեր շրջանակներից հնչող հայտարարությանը, թե եռակողմ հանդիպման ժամանակ փաստաթուղթ է ստորագրվելու, վարչապետը երեկ հայտարարեց՝ սահմանագծման և սահմանազատման արդյունքների մասին թուղթ չի ստորագրվելու․ — «Այդպիսի բան հնարավոր չէ, ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևալի մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով: Այդ թղթի մեջ գրված չի լինելու` սահմանն անցնելու է այստեղով, այնտեղով: Այս վերջին ձևակերպումը տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button